CIPR-ը և EtheryTech-ը միավորում են ուժերը՝ արբանյակային կապի և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման համար
08.05.2025թ.-ին Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնը (CIPR) ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Մերի Հրաչուհի Պողոսյանի, և EtheryTech ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Նարեկ Ղազարյանի, ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ պաշտոնականացնելու իրենց ռազմավարական համագործակցությունը:
Այս գործընկերության նպատակն է արագացնել տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանում հեռահաղորդակցության և տիեզերական կապի համակարգերի ոլորտներում: Տեխնիկական ռեսուրսները և փորձագիտական գիտելիքները համատեղելով՝ երկու կազմակերպությունները կհամագործակցեն առաջադեմ կապի տեխնոլոգիաների, այդ թվում՝ արբանյակային համակարգերի նախագծման, փորձարկման և տեղակայման ուղղությամբ:
Հուշագիրը ուրվագծում է ճարտարագիտական զարգացման, ենթակառուցվածքների համատեղ օգտագործման և գիտական ու տեխնիկական փորձագիտության փոխանակման ոլորտում համատեղ ջանքերի շրջանակը: Այն նաև ընդգծում է մտավոր սեփականության իրավունքների, տվյալների գաղտնիության և կանոնավոր վերանայման հանդիպումների կարևորությունը՝ շարունակական համաձայնեցումն ու նորարարությունն ապահովելու համար:
Այս համագործակցությունը նշանակալի քայլ է դեպի Հայաստանի տիեզերական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ճարտարագիտության ոլորտում կարողությունների ամրապնդումը՝ նպաստելով երկրի տեխնոլոգիական և գիտական առաջընթացին։