CIPR-ի «Տիեզերք 2.0» կրթական ծրագիրը ներկայացվեց համահայկական «Innovate Armenia» մրցույթում
Մրցույթի շրջանակում իրականացվել են ինկուբացիոն և ինտենսիվ Bootcamp փուլեր, որոնք թիմերին և ընկերություններին հնարավորություն են տվել զարգացնել և ներկայացնել իրենց նորարարական գաղափարները։ Նշված փուլերի արդյունքում առանձնացվել են զարգացման մեծ ներուժ ունեցող նախագծերը, որոնց թվում է նաև CIPR-ի «Տիեզերք 2.0» կրթական ծրագիրը։ Նախաձեռնությանը տրամադրվել է հնարավորություն շարունակելու զարգացման հաջորդ փուլը՝ համագործակցելով միջազգային շուկայում մեծ փորձ ունեցող մենթորների հետ և օգտվելով արտադրանքի զարգացման ու վավերացման համար նախատեսված գործիքներից ու հարթակներից։
«Տիեզերք 2.0» կրթական ծրագիրը կառուցված է տիեզերագիտության տեսական գիտելիքի և գործնական կիրառման հիման վրա։ Ծրագրի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ժամանակակից տիեզերական ճարտարագիտությանը և տիեզերական համակարգերի կառուցվածքին։
«Innovate Armenia» մրցույթին մասնակցությունը հնարավորություն է տվել CIPR-ին հետագա զարգացում տալ «Տիեզերք 2.0» ծրագրին և նպաստել Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների կրթության առաջընթացին։
