Ucom-ի և CIPR-ի «Տիեզերք 1.0» ծրագիրը Շենավանի և Աշտարակի դպրոցներում
Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական ծրագիրը հասավ Շենավան և Աշտարակ: Նախաձեռնությունը նպատակ ունի տիեզերական սարքաշինության ոլորտում տեսական և գործնական գիտելիքների ու հմտությունների փոխանցման միջոցով ոգեշնչել դպրոցականներին՝ բացահայտելու տիեզերական տեխնոլոգիաների հետաքրքիր աշխարհը։
Ծրագրի շրջանակում նշված դպրոցների ուսուցիչները կանցնեն վերապատրաստում՝ հետագայում գիտելիքը փոխանցելով աշակերտներին։ Դպրոցները կստանան նաև «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթներ՝ փոքր արհեստական արբանյակով, վերգետնյա կայանով, պարաշյուտով և գործնական ուղեցույցներով համալրված։ Տարվա ընթացքում «Տիեզերք 1.0»-ը ներդվելու է Երևանի և մարզերի 15 դպրոցներում։
Ապրիլի 22-ին, CIPR-ի մասնագետները Շենավանում և Աշտարակում ներկայացրեցին CanSat տեսակի փոքր արհեստական արբանյակը և վերգետնյա կայանը, որոնք հնարավորություն են տալիս իրական ժամանակում հավաքել միջավայրի տվյալներ։ Աշակերտները մասնակցեցին աշխույժ քննարկումների՝ անդրադառնալով տիեզերական ինժեներիայի հիմունքներին, տվիչների ինտեգրմանը և արբանյակային տեխնոլոգիաների դերին ժամանակակից խնդիրների լուծման մեջ։
Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել Ucom-ի՝ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար ընկերության շնորհիվ, որը շարունակում է ներդրումներ կատարել երիտասարդների տեխնոլոգիական կրթության զարգացման մեջ։
Շնորհակալ ենք Ucom-ին, Շենավանի և Աշտարակի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին՝ այս ոգևորիչ և կարևոր նախագծում ներգրավված լինելու համար։
Հայաստանում տիեզերական կրթությունը ևս մեկ քայլ առաջ է գնում։




