Տիեզերական կրթության զարգացում՝ «Տիեզերք 1.0» ծրագրի շրջանակում
«Տիեզերք 1.0» կրթական ծրագրի շրջանակում CIPR-ը և UCOM-ը շարունակում են զարգացնել ավիատիեզերական STEM կրթական ծրագիրը ՀՀ-ում։ CIPR-ի թիմը շարունակում է իր գործունեությունը՝ ընդլայնելով համագործակցությունը Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների հետ և ներկայացնելով տիեզերական գիտության ու ինժեներիայի հիմնային գիտելիքները։
Վերջին այցերը ներառել են Դիլիջանի ավագ դպրոցը (ՊՈԱԿ) և Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը (ՊՈԱԿ), որտեղ աշակերտներին ներկայացվել են արբանյակային համակարգերի հիմունքները, տիեզերական տեխնոլոգիաները և դրանց կիրառությունները գործնական կյանքում։
Ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների վերլուծական մտածողությունն ու տեխնիկական պատկերացումները՝ օգնելով նրանց հասկանալ տիեզերական տեխնոլոգիաների դերը ժամանակակից ենթակառուցվածքների և նորարարությունների ձևավորման մեջ։
Ուրախ ենք, որ ծրագիրն իրականացվում է UCOM-ի համագործակցությամբ, որի աջակցությունը կարևոր նշանակություն ունի մարզերում որակյալ տիեզերական տեխնոլոգիական կրթության հասանելիության ընդլայնման համար։
Աշակերտների ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրվածությունը ևս մեկ անգամ հաստատում են STEM ոլորտի աճող կարևորությունը և նման նախաձեռնությունների շարունակականության անհրաժեշտությունը։
CIPR-ում մենք շարունակում ենք ձևավորել տիեզերական կրթական միջավայր, որտեղ տեսական գիտելիքը համալրվում է կիրառական փորձով՝ պատրաստելով աշակերտներին ապագա ինժեներական և տիեզերական տեխնոլոգիական հնարավորություններին։



